Ռոբերտ Քոչարյանի խմբակցության գործող պատգամավորը հիմա մի ցուցակում է, որի առաջնորդը (Գագիկ Ծառուկյան - խմբ.) հայտարարել է, որ իրենք Քոչարյանին ձայն չեն տալու: Էստեղ քաղաքական դիսոնանս տեսնո՞ւմ եք, թե չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին:
«Սա քաղաքական աբսուրդ է, որ մարդը, լինելով էդ մի խմբակցության անդամ, փաստացի մի թիմում է, որը իբր պետք է Քոչարյանին ձայն չտա»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ այդ քաղաքական թիմերի խոսույթն ամբողջությամբ սուտ է ու աբսուրդ:
«Փաստացի, Կալուգայի Սամոն, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, այս երեք քաղաքական թիմերի մեջ կա մեկ հայտարարված վարչապետի թեկնածու՝ դա Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև Կալուգայի Սամոն օրենքով չի կարող լինել վարչապետի թեկնածու կամ վարչապետ, Ծառուկյանը հայտարարում է, թե ինքը չէ, գաղտնի են պահում թեկնածուին: Այդ երեքի միջից միակ թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց պատգամավորը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանի թիմից ասել են՝ նա այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել, Ալեքսանյանն ասաց՝ դա հեքիաթ է:
«Թող այդ դիմումները հրապարակային ներկայացնեն, նկարեն, ասեն՝ այ էս դիմումները ներկայացրել ենք էսինչ երկրներին: Դա հեքիաթ է»,- հայտարարեց պատգամավորը՝ կոչով դիմելով քաղաքացիներին:
«Սիրելի՛ քաղաքացիներ, ընդդիմությունը ձեզ բոլորիդ փուռն է տալու: Ընդդիմությանը դուք պետք եք միայն օրենքի խախտում կատարած և կալանավորված վիճակում: Դուք ընդդիմությանն այլ կարգավիճակում պետք չեք»,- նշեց նա: