Ֆլորիդայի շրջանային դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ The Wall Street Journal-ի հրատարակիչների դեմ ներկայացված, 10 միլիարդ դոլարի զրպարտության հայցը։ Այս մասին հաղորդվել է թերթի կայքում։
Հայցը վերաբերում է WSJ-ի 2025 թվականի հուլիսին հրապարակված հոդվածին, ըստ որի՝ Թրամփը բացիկ է նվիրել սեռական հանցագործությունների համար դատապարտված, այժմ արդեն հանգուցյալ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին: Թրամփը հերքում է այդ տեղեկությունը և դատի է տվել պարբերականին:
Իր 17-էջանոց որոշման մեջ ԱՄՆ շրջանային դատավոր Դարին Գեյլսը նշել է, որ Թրամփը չի կարողացել ապացուցել, որ Մերդոկին պատկանող թերթը և դրա լրագրողները գործել են «չարամտորեն», այսինքն՝ նրանք դիտավորյալ հրապարակել են կեղծ տեղեկատվություն կամ անզգուշորեն անտեսել են ճշմարտությունը։
Նախկին նախագահ Բարաք Օբամայի նշանակած դատավորը Թրամփին ժամանակ է տվել մինչև ապրիլի 27-ը՝ բողոքը փոփոխելու և դատական հայցը վերստին ներկայացնելու համար։ Թրամփի իրավաբանական թիմի խոսնակը հայտարարել է, որ նախագահը «ուժեղ հայց» կներկայացնի The Wall Street Journal-ի և մյուս պատասխանողների դեմ։