Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին թույլատրել է հետաքննություն անցկացնել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ներկայացնող՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի դեմ: Նա մեղադրվում է նախընտրական հանրահավաքի ժամանակ Անկարայի քաղաքապետարանին պատկանող տրանսպորտային միջոցներն օգտագործելու համար:
Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել 2023 թվականի նախագահի ընտրության ժամանակ։ Քննչական փաստաթղթերում նշվում է, որ Քարաբյուկում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքում օգտագործվել է Անկարայի քաղաքապետարանին պատկանող վեց միկրոավտոբուս։ 2023 թվականի ընտրությունում ընդդիմադիր նախագահի թեկնածուն կուսակցության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էր։
Անկարայի քաղաքապետարանն ընդգծել է, որ մեղադրանքները հիմնված են ենթադրությունների վրա: Մինչդեռ թուրքական իշխանությունները հայտարարում են, որ քաղաքապետարանների նկատմամբ իրականացվող հետաքննությունները հիմնված են կոնկրետ փաստերի վրա: Ընդդիմադիր ԺՀԿ-ն այս հետաքննությունը համարում է քաղաքական դրդապատճառներով հետապնդում։