Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․ Արմավիր):
Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
-
արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական մակերևույթներին կոնդենսատի և բորբոսի առաջացման կանխարգելումը, ինչպես նաև սննդամթերքի պահպանման պայմանները.
-
սննդամթերքի պատրաստման հատվածներում՝ տարաների լվացման տեղամասի հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
-
առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը և չի նպաստել խոնավության խտացման նվազեցմանը.
-
արտադրամասից դեպի պանրի աղաջրային տարողություններով տեղամաս տանող դուռը պատրաստված չի եղել չներծծող նյութերից.
-
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրամասը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։