Ազգային ժողովը ապրիլի 14-ի նիստում մի շարք նախագծեր քննարկել է երկրորդ ընթերցմամբ:
««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակը Կառավարությունն է:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բարձրաձայնել է առաջին ընթերցումից հետո նախագծում կատարված բովանդակային այն փոփոխությունը, որը վերաբերում է պատերազմի կոչեր պարունակող տեղեկություններին, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական կյանքի միջամտությանն առնչվող սահմանումներին:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրելէ «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը :
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկով խմբագրական փոփոխություն է կատարվել: Գործող կարգավորումների համաձայն՝ մաքսային ծառայողի՝ այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման դեպքում ծառայողի հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության նոր վայրում Կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում: Նշվել է, որ բացի տեղափոխման դեպքերից՝ մաքսային ծառայողն ի սկզբանե կարող է պաշտոնի նշանակվել իր մշտական բնակության վայրի տարածաշրջանից հեռու գտնվող մաքսային մարմիններում, որի համար հատուցման մեխանիզմներ նախատեսված չեն: Առաջարկվում է նախատեսել հատուցման կարգավորումները, իսկ կարգը կսահմանի Կառավարությունը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է մաքսային մարմինների կողմից մշակութային արժեքների համար գանձվող պետական տուրքի տարանջատում:
Հիմնական կարգավորումները` այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարի խոսքով առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Քննարկված հաջորդ նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել Էկոպարեկային ծառայողի իրավունքը՝ մասնակցելու պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մշտադիտարկման իրականացման գործընթացին: ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:
Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության վերանայմանն առնչվող նախաձեռնությունը քննարկման է ներկայացրել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նա նշել է, որ ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթում առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն կատարվել:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը , որով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը:
Ըստ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Փաթեթից հանվել է երկու նախագիծ:
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո հիմնականում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո փոփոխությունները եղել են տեխնիկական:
Օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվում է բանկային և հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել դրանց առգրավման նաև էլեկտրոնային եղանակը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:
Զեկուցողը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:
Օրվա վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: