Խորհրդարանը քննարկում է Կառավարության՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է 2025-ի հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման և ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ: Այն օրենքի, որը եկել էր անհրաժեշտ իրավական հիմք ստեղծելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համակարգային և լայնածավալ բարեփոխումների իրականացման համար:
«Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են անցումային շրջանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացի անխոչընդոտ անցկացմանը, ինչպես նաև հանրային բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման մարմինների ընտրության գործընթացին: Կան նաև որոշակի խմբագրական փոփոխություններ,- հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ներկայացնելով ամենակարևոր փոփոխությունները:
««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի ընդունմամբ, ըստ էության, սահմանվել են բարձրագույն կրթության ոլորտում պետական նոր քաղաքականության ուղղություններն ու արդյունքային ցուցանիշները:
Օրենքի եզրափակիչ դրույթներում իրականացվել են նաև որոշակի փոփոխություններ, որոնք, մինչև օրենքով ամրագրված նոր սկզբունքներին համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով (որպես բարձրագույն կրթության առաջին մակարդակ) ընդունելության պահանջների կիրառումը (2029-2030 ուսումնական տարվանից) կնպաստեն գործող կարգավորումներով ընդունելության բնականոն կազմակերպմանը, հատկապես նաև յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկի, պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի հաստատման համար լիազորող նորմերի ամրագրման տեսակետից:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում ուսանողների ընդունելության նոր մոտեցումներ, մրցույթի նոր պայմաններ:
Բուհերին վերապահվել է ընդունելության մրցույթի անցկացման, ուսանողների ընտրության իրավասություն (գործող կարգով մրցույթը կազմակերպում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ Կառավարության սահմանած կարգով՝ ըստ բուհերի և մասնագիտությունների հաստատված տեղերի շրջանակում):
Նախագծով ամրագրվել են անցումային դրույթներ, համապատասխան ուղղակի լիազորող նորմեր, որոնք մինչև 2029-2030 ուսումնական տարին կապահովեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի կազմակերպումը:
Այսպիսով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել կարգավորումներ, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումների բնականոն ընթացքին, մասնավորապես գիտական կազմակերպությունների և բուհերի գործադիր մարմինների ընտրության պարագայում առավել մրցունակ պայմանների, բաց, թափանցիկ մեխանիզմների երաշխավորմանը՝ այդ գործընթացի համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ (մասնավորապես բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը՝ մինչև օրենքով նախատեսված նոր կարգավորումների կիրառումը: