2026 թվականի առաջին եռամսյակում ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակների բոլոր մասնաշենքերում, տարածքային մասնաճյուղերի և էլցանցերի մի քանի տասնյակ վարչական շենքերում ու բաշխման ցանցի ենթակառուցվածքներում սեփական կարիքների համար սպառվել է շուրջ 4,86 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«2025 թվականի նույն ժամանակահատվածում սեփական կարիքների համար սպառումը կազմել է շուրջ 7,38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։
Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման շրջանում՝ միայն այս երեք ամիսների ընթացքում, ՀԷՑ-ում սեփական կարիքների սպառման ուղղությամբ խնայվել է ավելի քան 2,5 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, ինչը գործող սակագնով՝ միջինացված ֆինանսական արտահայտությամբ, համարժեք է ավելի քան 125.000.000 ՀՀ դրամին։
Ընդ որում՝ ՀԾԿՀ-ի կողմից ՀԷՑ-ի սեփական կարիքների սպառման համար նախատեսված էլեկտրաէներգիայի սահմանաչափերը ներառված են էլեկտրաէներգիայի գործող սակագնի մեջ։
Հ.Գ. Կարող ենք ենթադրել, որ նշված ահռելի քանակի տարբերությամբ էլէներգիան նախկինում ՀԷՑ-ի սեփական կարիքների համար ոչ էլ սպառվել է, պարզապես նախկին կառավարիչների ձեռամբ այն «հավելագրվել» է սեփական հաշվիչների ցուցմունքներին՝ դրանով արհեստականորեն թե՛ նվազեցնելով բաշխման ցանցում առկա տեխնիկական կորուստների ցուցանիշները, և թե՛ պարտակելով առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող այլ «մեքենայություններ», ինչի մասին մեր իրավապահներն արդեն լավագույնս են իրազեկված։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։