Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարցեր ուղղեցին հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով ՌԴ-ում հայ գործարարների ունեցած խնդիրներով:
Սիմոնյանը հույս հայտնեց՝ բոլոր խնդիրները կքննարկվեն ու կլուծվեն:
«Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք և փորձելու ենք լուծելով առաջ գնալ: Մենք մեզանից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ, և նման մտադրություն չկա»,- պարզաբանեց նա:
Նրա խոսքով՝ ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն:
«Մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք»,- ասաց Սիմոնյանը:
Ճշտող հարցին՝ արդյոք ՌԴ պաշտոնյաները ըմբռնումո՞վ են մոտենում հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ում Հայաստանը կմնա այնքան, ինչքան կարողանա, պատասխանեց՝ եթե ըմբռնումով չմոտենան, կխոսեն այդ մասին նրանց հետ:
«Փաստացի հիմա ինչքան ժամանակ է՝ մենք փորձում ենք համատեղել: Իսկ էն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը և մի գիշերվա մեջ թևից թափ տվեցին, ու ինքը մտավ Մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց, չէ՞։ Նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեցին, և ինչ-որ լուծումներ գտնվեցին։ Նմանատիպ փորձեր շատ կան»։
Լրագրողներից մեկի հարցին՝ այսինքն՝ գործող իշխանությունն էլ կարող է մեկ գիշերվա մեջ փոխել իր դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Տարբերությունը զգացե՞լ եք Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացե՞լ եք։ Օրինակ՝ եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծ մասը հիմա ինոագենտ կլիներ»: