Գաբալայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում բարձրաձայնել ենք ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը
«Քննարկումը բավականին բազմակարծիք էր, և առնվազն արձանագրել ենք նաև այն հանգամանքը, որ երկու մասով կան որոշակի տարբերություններ, մասնավորապես՝ առաջինը պետական նարատիվներն են կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող հռետորաբանությունը:
Եթե մենք համեմատում ենք կամ պարզ մոնիթորինգ ենք անցկացնում 1 տարի առաջվա իրավիճակի և այսօրվա իրավիճակի միջև, տեսնում ենք, որ կան որոշակի դրական միտումներ քանակական և որակական առումով: Արդյոք ամեն բան իդեալակա՞ն է, իհարկե ո՛չ, որովհետև պարբերաբար նաև հնչում են որոշակի խնդրահարույց թեզեր: Բայց, այնուամենայնիվ, դինամիկան դրական է:
Սակայն նույն դրական դինամիկան մենք, ցավոք սրտի, չունենք ադրբեջանական պետական մեդիաների դաշտում, և այս հարցը բարձրաձայնել ենք, որովհետև կարծում ենք՝ սա ևս խնդրահարույց է, և որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության տրամաբանության շրջանակում:
Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ իրենց կողմից ընդունվեց, որ կա նման խնդիր, և միևնույն ժամանակ նշվեց, որ փոփոխությունները ժամանակ են պահանջում: Միևնույն ժամանակ իրենք էլ մոնիթորինգ են իրականացնում հայկական մեդիաներում, և իրենք էլ իրենց մտահոգություններն ունեին հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի կոշտ քոնթենտի հետ կապված»,- ասաց նա: