Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես շնորհավորել է Պետեր Մադյարին և նրա «Տիսա» կուսակցությանը՝ Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։
«Կարևոր է, երբ հաղթում է կառուցողական մոտեցումը։ Ուկրաինան միշտ ձգտել է բարիդրացիական հարաբերությունների Եվրոպայի բոլոր երկրների հետ, և մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Հունգարիայի հետ, պատրաստ ենք հանդիպումների և համատեղ կառուցողական աշխատանքի՝ ի շահ երկու ազգի, ինչպես նաև Եվրոպայում խաղաղության, անվտանգության և կայունության», - գրել է Զելենսկին։
Ներկայումս Ուկրաինայի վերաբերյալ Եվրամիության մի շարք կարևոր որոշումներ մնում են արգելափակված՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վետոյի պատճառով. Կիևը չի ստացել 90 միլիարդ եվրոյի վարկ, որի առաջին տրանշը պետք է ստանար ապրիլին։
Արգելափակված են նաև Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը կիրառելու և Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցային կլաստերները պաշտոնապես բացելու որոշումները։
2023 թվականից ի վեր Հունգարիան պարբերաբար վետո է կիրառել Ուկրաինայի վերաբերյալ Խաղաղության Եվրոպական հիմնադրամի շրջանակում կայացված բոլոր որոշումների, այդ թվում՝ մոտավորապես 500 միլիոն եվրոյի տրանշի նկատմամբ, որը որպես փոխհատուցում էր նախատեսված ԵՄ երկրներին՝ Կիևին ցուցաբերած ռազմական օգնության համար: