Եվրոպացի առաջնորդները շնորհավորել են Պետեր Մադյարին՝ Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն X-ի իր էջում գրել է. «Հունգարիան ընտրել է Եվրոպան, երկիրը վերադառնում է իր եվրոպական ուղուն, իսկ ԵՄ-ն դառնում է ավելի ուժեղ»։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նշել է, որ «ընտրություններին ռեկորդային մասնակցությունը արտացոլում է հունգար ժողովրդի ժողովրդավարական ոգին»։ «Ես անհամբեր սպասում եմ Պետեր Մադյարի հետ սերտ համագործակցությանը՝ Եվրոպան ավելի ուժեղ և բարգավաճ դարձնելու համար»,- գրել է Կոշտան իր ֆեյսբուքյան էջում։
Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նույնպես շնորհավորել է քաղաքական գործչին՝ հաղթանակի կապակցությամբ։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա ընդգծել է, որ «Հունգարիայի տեղը Եվրոպայի սրտում է»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նշել է, որ Պետեր Մադյարի հաղթանակն ընտրությունում պատմական պահ է ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունգարերենով է շնորհավորել «Տիսա»-ին՝ ընտրությունում հաղթանակի կապակցությամբ: «Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարության հաղթանակը, հունգար ժողովրդի նվիրվածությունը Եվրամիության արժեքներին, Հունգարիայի նվիրվածությունը Եվրոպային»,- նշել է Մակրոնը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն X-ում գրել է. «Հունգարիան կայացրել է իր որոշումը: Իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ընտրական հաղթանակի կապակցությամբ, սիրելի Պետեր Մադյար: Եկեք միավորենք մեր ուժերը՝ ստեղծելու ուժեղ, անվտանգ և, ամենից առաջ՝ միասնական Եվրոպա»:
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է. «Հունգարացիները պատմական ընտրություն են կատարել հօգուտ ազատ և ուժեղ Հունգարիայի՝ միավորված Եվրոպայի կազմում, մերժելով այն ուժերին, որոնք անտեսում են իրենց շահերը»:
«Հունգարիան, Լեհաստանը և ԵՄ-ն կրկին միասին են»,- X-ում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ արձագանքելով խորհրդարանի ընտրության արդյունքներին:
Իր հայտարարությանում Պետեր Մադյարը նշել էր, որ վերականգնելու է և ընդլայնելու համագործակցությունը Վիշեգրադի խմբի շրջանակներում, որը բաղկացած է Կենտրոնական Եվրոպայի չորս պետություններից՝ Հունգարիայից, Լեհաստանից, Սլովակիայից և Չեխիայից: