Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված վայրի կենդանիների, բույսերի արտահանման, ներմուծման և պահման գործընթացների կանոնակարգմանը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Հանդիպմանը մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Սևակ Բալոյանը, բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետ Քրիստինե Ալեքսանյանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուներ։
Քննարկման առանցքում եղել են CITES թույլտվությամբ վայրի կենդանիների, բույսերի արտահանման ու ներմուծման մեխանիզմների կարգավորումները, անազատ պայմաններում պահման նորմերի փոփոխությունները, օրենսդրական բարեփոխումների փաթեթի նախապատրաստման գործընթացը։
Ողջունելով ներկաներին՝ տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդգծել է, որ վայրի կենդանիների, բույսերի հաշվառման ամբողջական ու թափանցիկ, թվայնացված համակարգի ներդրումն առաջնահերթություն է, որը թույլ կտա իրական ժամանակում նույնականացնել, հետևել յուրաքանչյուրի կարգավիճակին՝ ներմուծման պահից մինչև պահման վայր՝ բացառելով կենդանիների ու բույսերի անօրինական շրջանառությունը։
Հանդիպման ավարտին կայացվել է որոշում աշխատանքային խումբ ստեղծելու, հստակ ժամկետներ սահմանելու՝ օրենսդրական բարեփոխումների նախագիծը ՀՀ կառավարության հավանությանը ներկայացնելու համար։