Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին շրջանում Վաշինգտոնը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի վրա, ուստի Կիև-Մոսկվա բանակցությունները դադարեցվել էին, սակայն դրանք կվերսկսվեն: Նա հավելել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած վայրում՝ բացի Կիևից և Մոսկվայից: Ուկրաինայի նախագահը կրկնել է՝ չեն պատրաստվում քննարկել Դոնբասն ուղղակի ռուսներին հանձնելու հարցը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը շարունակում են ուկրաինական հարցի շուրջ շփումները փակ ձևաչափով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը դեռ որոշում չի կայացրել Զատկի զինադադարի վերաբերյալ, թեև ուկրաինական կողմն ավելի վաղ հանդես էր եկել նման առաջարկով։
Դիվանագիտական գործընթացներում ժամանակավոր դադարին զուգահեռ՝ Մոսկվան ու Կիևը իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումը։ Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 աճյուն, Ուկրաինան Ռուսաստանին՝ 41: