ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին:
Վարչապետը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել. «Աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք, ինչպես միշտ, ճաշել ենք, զրուցել ենք բարեկամաբար: Ես այս այցը շատ հաջող եմ գնահատում»:
Նա նաև շեշտել է, որ նախագահ Պուտինի հետ զրույցում որևէ նոր կամ գաղտնի թեզ չի հնչեցրել. «Ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասել: Առնվազն այն, ինչ այնտեղ հնչել է, դուք ինձնից այստեղ՝ այս ձևաչափով կամ գուցե այլ ձևաչափով, լսել եք: Այսինքն՝ զրո նորություն»:
Ըստ Փաշինյանի՝ արդեն կան հստակ պայմանավորվածություններ հաջորդ քննարկումների վերաբերյալ. «Տետ-ա-տետ հանդիպման մասին մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների և միջոցառումների մասին: Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի երկրորդ կեսին»:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների դինամիկային՝ վարչապետը նշել է. «Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, և ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական: Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք՝ բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու»:
Վարչապետը վերահաստատել է Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման մոտեցումը. «Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ և Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք: Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ»: