Բազմազավակ ընտանիքներին բնակարանային հասանելիության ապահովման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Այն հնարավորություն է տալու բազմազավակ ընտանիքներին Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում ձեռք բերել բնակարան կամ կառուցել տուն 100 տոկոս սուբսիդավորմամբ։
Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը կտա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝
1) անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ համապատասխան հողամասի ձեռքբերում կամ
2) գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։
Ծրագրի հիմնական պայմաններն են՝
1) շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն,
2) ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 10 քմ-ից,
3) բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունը ձեռք է բերվում կամ կառուցվում է ՀՀ որևէ մարզային բնակավայրում,
4) շահառուն, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսինը, ծրագրին դիմելու օրվա դրությամբ պետք է ներկայացրած լինի նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը, որում ներկայացված եկամուտների (հարկվող և չհարկվող) հանրագումարը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։
Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ
հղմամբ: