Թուրքիայի կառավարության նիստից հետո Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է ներքաղական հարցերի, տեղեկացրել՝ նախագահի արտահերթ ընտրության անցկացում օրակարգում չկա: Երկրի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը պարբերաբար հանդես է գալիս Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչերով:
Էրդողանը խոսել է նաև Մերձավոր Արևելքում պատերազմի մասին, նշել՝ Թուրքիան ջանքեր է գործադրում, որպեսզի զենքերի ձայնը լռի, և բանակցությունների համար տարածք բացվի: Նրա խոսքով՝ վճռական են՝ օգտագործելու նույնիսկ ամենափոքր հնարավորությունը: Թուրքիայի ղեկավարը նշել է՝ պատերազմը չափազանց թանկ է արժենում ամբողջ մարդկության համար:
Էրդողանի խոսքով՝ ովքեր այսօր խաթարում են խաղաղությունը միայն իրենց քաղաքական կյանքը երկարացնելու համար, չպետք է մոռանան, որ վաղը իրենք խաղաղության, արդարության և օրենքի կարիք կունենան: Պատմությունը լի է դրա օրինակներով:
«Ժամանակները փոխվում են, փոխվում է նաև իշխանությունը: Նրանք, ովքեր այսօր գնում են Հիտլերի հետքերով, ոչ միայն գործում են մարդկության դեմ, այլև իրենց նույն Հիտլերի դերում են դնում սեփական քաղաքացիների նկատմամբ: Ամենաուշագրավն այն է, որ Հիտլերը զոհ դարձավ այնպիսի հավակնությունների, որոնք նա չէր կարող վերահսկել, մեծ տառապանքներ պատճառելով իրեն, իր ժողովրդին և ամբողջ աշխարհին»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: