«Արտեմիս II» առաքելության տիեզերագնացները պտույտ են կատարել Լուսնի շուրջ և արդեն վերադառնում են Երկիր: Լուսնի հակառակ կողմում գտնվելիս տիեզերանավը եղել է մեր մոլորակից երբևէ ամենամեծ հեռավորության վրա՝ 406 771 կմ:
«Արտեմիս II»-ը 6601 կմ-ով գերազանցել է 1970 թվականին «Ապոլոն 13»-ի սահմանած ռեկորդը, երբ մարդիկ Երկրից հեռացել էին 400 171 կմ: Լուսնի հակառակ կողմում գտնվելու ընթացքում ՆԱՍԱ-ի տիեզերագնացները 40 րոպեով կորցրել են կապը Երկրի հետ: Նրանք ականատես են եղել, թե ինչպես են երկնաքարեր ընկնում Լուսնի մակերևույթին, և դիտարկել են խավարումը եզակի դիտակետից, երբ Արևն անհետացել է Լուսնի ետևում։
Տիեզերագնացների հետ կապ է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ նրանք պատմություն են կերտում: Թրամփը նրանց հրավիրել է Սպիտակ տուն: Տիեզերագնացները Երկիր կվերադառնան ապրիլի 10-ին: «Արտեմիս» առաքելության շրջանակում ՆԱՍԱ-ն մտադիր է մինչև 2028 թվականը Լուսնի վրա կայան տեղակայել, որը հետագայում կարող է օգտագործվել դեպի Մարս թռիչքների համար: