Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը առցանց ձևաչափով բանակցություններ է անցկացրել ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների հետ Հորմուզի նեղուցի վերաբացման ուղիներ գտնելու հարցի շուրջ:
Քննարկումները կենտրոնացել են քաղաքական և դիվանագիտական միջոցառումների վրա, սակայն Քուփերի խոսքով՝ մի շարք երկրների ռազմական պլանավորողներն առաջիկայում կհանդիպեն հակամարտության ավարտից հետո նեղուցում անվտանգության ապահովման ուղիները մշակելու համար: ԱՄՆ-ը հանդիպմանը չի մասնակցել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով ռազմական գործողության մասին խոսակցություններն անվանել է անիրատեսական:
Իրանից էլ հայտարարել են, որ քննարկվում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունն այն երկրների հետ, որոնք օգտագործում են այդ երթուղին։