ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները համարում է «տագնապալի ազդակ»: Նրա խոսքով՝ նման հայտարարություններից և դաշնակիցների միջև տարաձայնություններից օգտվում է, օրինակ, Վլադիմիր Պուտինը:
Բարձր ներկայացուցիչը նաև չի համաձայնել նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքների հետ, թե ՆԱՏՕ-ն օգնության չի հասել ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններում: Կալասի խոսքով՝ ՆԱՏՕ-ին ուղղված որևէ դիմում չի եղել:
«Մի կողմից ասվում է, որ ոչ ոքի կարիքը չկա, մյուս կողմից քննադատություն է հնչում, թե ինչու մյուսներն օգնության չեն գալիս»,- ասել է Կալասը՝ հավելելով՝ նման դիմումները մամուլի միջոցով չեն արվում:
Նա նաև ընդգծել է, որ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Եվրամիությունը պետք է ամրապնդի սեփական պաշտպանությունը:
Ավելի վաղ Թրամփը ՆԱՏՕ-ն բնութագրել էր որպես «թղթե վագր»՝ նշելով, որ այդ մասին գիտի նաև Պուտինը: Թրամփը նշել էր, որ լրջորեն դիտարկում է դաշինքին անդամակցության դադարեցումը, և դաշնակիցներին մեղադրել էր Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի կողքին չլինելու համար: