Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են՝ ուղղակի և անուղղակի ձևաչափերով: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Թեհրանը համաձայնել է Պակիստանի միջոցով փոխանցված 15 կետանոց հնարավոր գործարքի մեծ մասին։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը ընդառաջել է Վաշինգտոնին և թույլ է տվել ևս 20 նավի անցումը Հորմուզի նեղուցով: Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «վերցնել» իրանական նավթը, սակայն Միացյալ Նահանգներում որոշ մարդիկ դեմ են այդ գաղափարին: Նա նաև չի բացառել Խարգ կղզու գրավումը, որտեղով արտահանվում է Իրանի նավթի 90 տոկոսը: Թրամփը հավելել է, որ հաջողվել է հասնել Իրանում իշխանափոխության, և ավելի լավ արդյունք լինել չէր կարող:
Իրանի շուրջ իրավիճակը մեկնաբանել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Նա նշել է, որ ամերիկյան կողմը հասել է իր նպատակների մեծ մասին: Վենսի խոսքով՝ դեռ որոշ ժամանակ էլ կշարունակեն ռազմական գործողությունները՝ վստահ լինելու, որ վերադառնալու կարիք այլևս չի լինի:
Զուգահեռ՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ԱՄՆ-ը խոսում է Թեհրանի հետ բանակցելու ցանկության մասին, սակայն իրականում պատրաստվում է ցամաքային գործողության։ Ղալիբաֆը նախազգուշացրել է՝ իրանցի զինվորականները պատրաստ են դիմակայել ամերիկյան ուժերին և չեն դադարեցնի հրթիռային հարվածները։
Այս ֆոնին Պակիստանից հայտնել են, որ առաջիկա օրերին Իսլամաբադում կարող են տեղի ունենալ իրանա-ամերիկյան բանակցությունները: Այս հնարավոր հանդիպմանն ընդառաջ Պակիստանը հյուրընկալել է Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներին: Քննարկվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման հեռանկարը: Իսլամաբադից նաև տեղեկացնում են, որ Իրանը թույլ է տվել Պակիստանի դրոշի ներքո նավարկող 20 նավի անցնել Հորմուզի նեղուցով:
Միաժամանակ, իրանական և իսրայելա-ամերիկյան ուժերի փոխադարձ հարվածները շարունակվում են: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Սպահանը, Թավրիզը և այլ բնակավայրեր: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանին, Ազգային բանկի մասնաճյուղին, նավթաքիմիական և այլ գործարանների: Թեհրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել: Խոնդաբ քաղաքում լրջորեն վնասվել է ծանր ջրի արտադրության գործարանը: Իրանը խոստացել է հարվածել Մերձավոր Արևելքում իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ ի պատասխան իրանական ուսումնական հաստատությունների թիրախավորման: Պայթյուններ են որոտացել Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների ալյումինի գործարաններում, Բաղդադում: Քուվեյթում զինվորականներ են տուժել:
Իսլամական Հանրապետությունն էլ հարվածել է իսրայելական Բեեր Շևա քաղաքի արդյունաբերական պարկին և ռազմական կենտրոնների, թիրախում են հայտնվել այդ թվում՝ Թել Ավիվը և Երուսաղեմը: Եմենի հութիներն էլ արձակումներ են իրականացրել Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ:
Ռազմական գործողություններ են Լիբանանում: Լուրեր են շրջանառվում, որ իսրայելական ուժերն ընդլայնում են Հանրապետությունում ներկայությունը: Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրահանգել է մեծացնել Լիբանանի հարավում անվտանգության գոտին:
Այս ֆոնին ԱՄՆ-ում և Իսրայելում ցույցեր են անցել: Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում ութ միլիոն մարդ դուրս է եկել փողոցներ՝ բողոքելու Իրանի դեմ պատերազմի և Սպիտակ տան միգրացիոն քաղաքականության դեմ: Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներում էլ հակապատերազմական ակցիաների ընթացքում տասնյակից ավելի մարդ է ձերբակալվել:
Մանրամասները՝ տեսաշարում: