Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ հարվածներին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար: Այս մասին հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը: «Մենք թույլ չենք տալիս ո՛չ մեր ռազմակայանների, ո՛չ էլ օդային տարածքի օգտագործումն Իրանում պատերազմի հետ կապված գործողությունների համար»,- Մադրիդում լրագրողներին ասել է Ռոբլեսը:
Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոյի խոսքով՝ այս միջոցառումը հաջորդում է Իսպանիայի կառավարության նախկին որոշմանը՝ չմասնակցել կամ չնպաստել «միակողմանիորեն և միջազգային իրավունքի խախտմամբ սկսված պատերազմին»:
El Pais-ի զրուցակիցների խոսքով՝ Մադրիդն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը մասնակցող կործանիչներին ու լիցքավորող ինքնաթիռներին ոչ միայն արգելում է օգտագործել Ռոտ և Մորոն դե լա Ֆրոնտերա ռազմակայանները Իսպանիայի հարավում, այլև փակում է մուտքն ամերիկյան օդանավերի համար, որոնք տեղակայված են երրորդ երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Ինքնաթիռի թռիչք կամ վայրէջք կարող է թույլատրվել միայն արտակարգ իրավիճակներում:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն Իրանի վրա ԱՄՆ-Իսրայելի հարվածների ամենամոլի հակառակորդներից մեկն է՝ դրանք անվանելով անխոհեմ և անօրինական։ Նա բացատրել է, որ թեև դեմ է իրանական ռեժիմին, սակայն չի աջակցում ռազմական գործողությանը, որը, նրա կարծիքով, դուրս է գալիս միջազգային իրավունքի շրջանակներից:
Սանչեսի խոսքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունն Իսպանիային արժենում է ամսական մոտ 100 միլիարդ եվրո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, սպառնացել է լիովին խզել առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։