Սահմանադրության փոփոխության ժամկետների մասին քննարկում չենք ունեցել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է փաստաթուղթը հանրաքվեի դրվի նոյեմբերին:
Հարցին, թե այն գնահատականները, որոնք հնչեցնում են ընդդիմադիրները՝ Սահմանադրության փոփոխության, նոր Սահմանադրության ընդունման հետ կապված՝ համարելով, որ դրանք Բաքվի պայմանը կատարելու համար են արվում, կասկածի տակ չի դնո՞ւմ նոր Սահմանադրության լեգիտիմությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ չի դնում:
«Ե՛վ վարչապետը, և՛ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները բազմիցս, ոչ մեկ անգամ նշել ենք, որ այդ փոփոխությունն առաջին հերթին պետք է մեզ մեր զարգացումն ապահովելու համար։ Նաև բազմիցս՝ տարբեր հարթակներում, տարբեր քննարկումների ժամանակ նշվել է, որ դա բացարձակապես մեր ներքին գործն է»,- ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրությունը կոնֆլիկտածին է, Արայիկ Հարությունյանը պարզաբանեց. «Այո՛, կոնֆլիկտածին է, բայց դա մեզ համար է, որպեսզի Հայաստանը այլևս կոնֆլիկտ չունենա։ Եվ դա պահանջ չի։ Նույնիսկ եթե, այսպես ասենք, ինչ-որ մի բանով դիտարկենք դա պահանջ, դա մեզ համար է պետք, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա կոնֆլիկտ, որովհետև դա չի վերաբերում միայն Ադրբեջանին,- ասաց նա ու հավելեց,- Սահմանադրության և Անկախության հռչակագիրը պետության soft-ն են, որով զարգանում է պետությունը, որով տեղի են ունենում հարաբերություններ։
Ի՞նչ է նշանակում Սահմանադրություն, այսինքն՝ մեր փոխհարաբերությունների սահմաններն են դրվում, ընդհանուր տրամաբանությունն ու ոգին են տրվում։ Սրա մասին է խոսքը»: