Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանն ընդգծել է հաստատված արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Քննարկման առանցքում են եղել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ կին զինծառայողների իրավունքների ապահովումը, վատ վերաբերմունքի, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելմանն ուղղված քայլերը, ինչպես նաև համապատասխան արձագանքման մեխանիզմների կատարելագործման կարևորությունը։
Պաշտպանն ընդգծել է, որ զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման հարցերը շարունակում են մնալ իր գործունեության առաջնահերթություններից։
Ներկայացնելով իրականացվող աշխատանքները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ինչպես անձամբ, այնպես էլ աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար մշտադիտարկման այցեր են իրականացնում Պաշտպանության նախարարության զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ։ Դրանց թիվը 2025 թվականին էականորեն մեծ է եղել նախկինում իրականացրած մշտադիտարկումների այցերի թվից:
Կարևոր օղակ է նաև ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը, որտեղ ներգրավված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փաստաբաններ և ոլորտի փորձագետներ։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Պաշտպանի հաստատությունը ստանում է ոլորտին առնչվող բազմաթիվ բողոքներ և դիմումներ, այդ թվում` անանուն։ Թեժ գծին ստացվող ահազանգերը, մշտադիտարկման այցերը, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ անմիջական շփումները հնարավորություն են տալիս բացահայտել ինչպես համակարգային, այնպես էլ անհատական խնդիրները։ Պաշտպանի հաստատությունը ոչ միայն արձանագրում է դրանք, այլև առաջարկում հստակ լուծումներ՝ որդեգրելով պրոակտիվ մոտեցում։
Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ վեր հանված խնդիրները ներառվում են ՄԻՊ տարեկան հաղորդումներում՝ նպաստելով դրանց համակարգային լուծմանը։
Կողմերը կարևորել են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկվածության բարձրացումը, կրթական բարեփոխումների իրականացումը և բազմակողմ համագործակցության զարգացումը։
Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ համագործակցությունը կարևոր է խնդիրները տարբեր տեսանկյուններից դիտարկելու և առավել արդյունավետ լուծումներ մշակելու առումով՝ համատեղ ջանքերով ամրապնդելով մարդու իրավունքների պաշտպանության համակարգը։