Գործադիրը սահմանել է Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները և կարգը։ Այն նախատեսում է որակավորման երեք հիմնական ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։
Այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։ Որոշման նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։
Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։