Գործադիրի որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։ Արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք»-ի մասշտաբային ծրագիրը՝ ապահովելով ՀՀ պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և ստեղծելով արդի պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածք: Վերոնշյալի իրագործման նպատակով նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմ»-ի վերագործարկման ծրագիրը, որը գործելու է որպես ռազմավարության և քաղաքականության իրականացման հիմնական գործիք՝ միտված կենտրոնացված կինոարդյունաբերական քաղաքի ձևավորմանը:
Համալիրը կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ միավորելով ստեղծարար ներուժի զարգացումն ու ենթակառուցվածքային հզորացումը։
Ըստ հիմնավորման՝ ժամանակակից աշխարհում ֆիլմարտադրությունն այլևս միայն մշակութային արտադրանք չէ։ Այն մի շարք երկրներում դիտարկվում է որպես ռազմավարական ոլորտ՝ տնտեսության զարգացման, արտահանման ընդլայնման, նոր տեխնոլոգիաների ներգրավման և միջազգային համագործակցության խթանման առումով։
Նման մոտեցումները ցույց են տալիս, որ ֆիլմարտադրությունը ոչ միայն մշակույթի տարածման միջոց է, այլ նաև տնտեսական աճի և ազգային բրենդի ձևավորման գործիք։ Այն ունի բազմաստիճան ազդեցություն՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ազդելով մի շարք ոլորտների վրա։ ՀՀ պարագայում ևս անհրաժեշտ է որդեգրել ոլորտային նման քաղաքականություն, որը կօգնի ձևավորել համալիր կինոարդյունաբերական համակարգ, ինչպես նաև կխթանի տեղական ստեղծարար ներուժի զարգացումը, արտադրական ենթակառուցվածքների արդիականացումը և միջազգային շուկաների ակտիվ ներգրավումը՝ դառնալով երկրի տնտեսական բազմակողմանի դիվերսիֆիկացման կարևորագույն բաղադրիչ։