Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 53-րդ նիստին։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 25 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր ոլորտներին։ Մասնավորապես, որոշումները վերաբերել են տարանցման հայտարարագրի լրացման կարգում փոփոխություններ կատարելուն, անձնական օգտագործման ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների հսկողության իրականացման պրակտիկային, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 330-րդ հոդվածում փոփոխությունների կատարմանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության խնդրահարույց հարցերին։
Ընդունվել են որոշումներ՝ մաքսային արժեքի հայտարարագրի կիրառման, ապրանքների բացթողումից հետո ապրանքների հայտարարագրերում ներառված տվյալների փոփոխության, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգման վերաբերյալ։
Քննարկվել և ստորագրվել են նաև որոշումներ՝ ռիսկերի միասնական արժեքային ցուցիչներին, ինչպես նաև դրանց կիրառմամբ իրականացվող ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 54-րդ նիստն անցկացվելու է Ղազախստանի Հանրապետությունում՝ 2026 թվականի 2-րդ եռամսյակում։