Կառավարությունը հաստատեց Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը։
«Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն՝ ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ, և կերային մշակաբույսերի՝ առվույտ, կորնգան, մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը»,- ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով. գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հա մակերեսով 70 հազար դրամ, այսինքն՝ համարվում է որ 140 հազար դրամ ծախս պետք է արվի, 70 հազարը վճարում ենք, եգիպտացորենի դեպքում՝ ամեն հա-ի համար 85 հազար, հատիկաընդեղենի դեպքում՝ ամեն հա-ն 100 հազար, և բազմամյա խոտաբույսերի, այսինքն՝ առվույտի և կորնգանի դեպքում, ամեն հա-ն110 հազար դրամ։
Նախագծի իրականացման արդյունքում ակնկալում ենք մինչև 27 հազար հա հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում, որը կնպաստի ֆերմերային եկամուտների ավելացմանը։ Որպես վիճակագրություն նշեմ, որ բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի շրջանակում 5200 շահառու ենք ունեցել, այս տարի ակնկալում ենք մինչև 5700-6000 շահառու, և իրենց կողմից իրականացվել է 24 հազար հա մակերեսով գարնանացանի ցանք, հավաստագրված սերմերով, այն պարագայում, երբ 2024 թվականին դա 19200 է եղել, այսինքն՝ մենք այստեղ 2025-ին ունեցել ենք 25 տոկոս աճ 2024-ի նկատմամբ և ակնկալում ենք նվազագույնը 10 տոկոս աճ այս ծրագրի արդյունքում արդեն 2025-ի նկատմամբ»,- նշեց նախարարը։