Ազգային ժողովը մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող լրացումների ու փոփոխությունների հեղինակը պատգամավոր Վահե Ղալումյանն է: Նա առաջարկում է հնարավորություն տալ ավագանու անդամին հրաժարականի մասին իր դիմումը հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով գրավոր դիմում: Այդ դեպքում չեղարկվում է նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու գործընթացը:
Առաջին ընթերցումից հետո փաթեթի վերաբերյալ ներկայացվել են տեխնիկական բնույթի առաջարկներ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ներկայացմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:
Երկրորդ ընթերցմամբ նաև քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ դիտարկումներ ու առաջարկներ, որոնց մի մասն ընդունվել են: Զեկուցողի տեղեկացմամբ ընդունվել է անբուժելի վարակիչ հիվանդություններով կենդանիների քնեցմանն առնչվող առաջարկը:
«Առևտրաարդյունաբերական պալատների մասին», «Պետական տուրքի մասին» և կից օրենքներում նախատեսվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Օրենսդրական փաթեթի ընդունումը միտված է ապրանքների ծագման հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կանոնակարգերի, նոր մոտեցումների ներդրմանը:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Ըստ նախարարի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Պատգամավորները նաև քննարկել են Հողային օրենսգրքում նախատեսվող լրացումները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով անցումային դրույթով նախատեսվել է սույն օրենքի գործողությունը տարածել նաև դեռևս չօտարված այն հողամասերի նկատմամբ, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը քաղաքաշինական և հողաշինական փաստաթղթերով փոփոխվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
Հաջորդիվ քննարկված նախաձեռնությամբ սահմանվում են կարգավորումներ՝ ուղղված դատարաններում քաղաքացիական և վարչական գործերը ողջամիտ ժամկետում և առանց անհարկի ձգձգումների քննելուն: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են իրականացվել: Մասնավորապես, առաջարկվում է գործի վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կողմին իրավահաջորդով չփոխարինելու դեպքում դատարանին թույլատրել վերսկսել գործի վարույթն ու հայցը թողնել առանց քննության: Տիգրան Դադունցի խոսքով վիճակագրական տվյալների համաձայն՝ նմանատիպ գործերը շատ են, իսկ կարգավորման նպատակն է ավարտել տարիներով կասեցված գործերը: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ կանոնը տարածել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով հարուցված գործերի վրա:
Գործադիրը նաև առաջարկում է երկարաձգել նախքան օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված գործերի քննության համար անցումային դրույթներով սահմանված ժամկետները: Մասնավորապես, քաղաքացիական գործերով նախատեսված 6 ամիս ժամկետը կերկարաձգվի մինչև 9 ամիս, իսկ վարչական գործերով՝ 6 ամսի փոխարեն կսահմանվի 12 ամիս:
Քննարկվել է նաև մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ու արգելմանը միտված նախաձեռնությունը: «Առևտրի և ծառայությունների մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Առաջին ընթերցումից հետո պատգամավորները չեն ներկայացրել առաջարկներ: