Նախագիծը երկու կարևոր քրեադատավարական ինստիտուտի է վերաբերում: Առաջինը՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելուն կամ այն դադարեցնելուն ուղղված միջնորդությանը, և երկրորդը՝ լիովին նոր՝ վերահսկելի մատակարարում և գնում գաղտնի քննչական գործողությանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ մարտի 24-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ներկայացնելով իր հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակի խոսքով գործող կարգավորմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե նախաքննության ընթացքում հիմնավորվում է մեղադրանքի որևէ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտությունը, ապա քննիչը հսկող դատախազին միջնորդություն է ներկայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Վերոնշյալ միջնորդության հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարել կամ մերժել:
Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներում բացակայում են հստակ դատավարական ժամկետները, ինչը պրակտիկայում կարող է առաջացնել խնդիրներ: Դատախազը անորոշ ժամկետով կարող է որոշում չկայացնել, ինչի հետևանքով հանրային քրեական հետապնդումը, հետապնդման ենթակա անձն այս կարգավիճակում կարող է անարդարացիորեն երկար մնալ:
Նշվել է, որ թեև ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի համաձայն՝ քննիչի միջնորդությունը դատախազությունում մուտքագրվելուց հետո հսկող դատախազը 7-օրյա ժամկետում համապատասխան որոշում պետք է կայացնի, սակայն օրենքի բացակայության պայմաններում սա համարվում է միջանկյալ լուծում:
Ուստի, հեղինակն առաջարկում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածում, ըստ որի՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին՝ յոթնօրյա ժամկետում:
Բացի այդ, գաղտնի քննչական գործողության տեսակ է սահմանվում վերահսկելի մատակարարումը և գնումը, ինչն ապրանքների և ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքները կամ ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով ենթադրյալ հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը:
Կառավարությունը նախագծի վերաբերյալ ունի դրական դիրքորոշում: Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը տեղեկացրել է, որ նախագծի շուրջ եղել են քննարկումներ, որոնց արդյունքներով առաջարկներ են ներկայացրել հեղինակին, դրանք ընդունվել են: