Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը:
Ազգային ժողովը մարտի 24-ի նիստում քննարկել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հայտնել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին:
Այն սահմանում է կողմերի սակագնային պարտավորությունների ցանկը, ապրանքների ծագումը որոշելու կանոնները, համաձայնագրի գործողության շրջանակում տեղեկատվության փոխանակման հետ կապված առանձնահատկությունները և այլն:
Զեկուցողի խոսքով՝ համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում կից ցանկերը՝ յուրաքանչյուր կողմի համար 367 ապրանքային դիրքով, որոնցում ներառված ապրանքատեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են:
Ակնկալվում է, որ մոնղոլական շուկայի բացումը Հայաստանի արտահանողներին կապահովի Հայաստանից արտահանվող այնպիսի ապրանքների մատակարարման ավելի մրցունակ պայմաններ, ինչպիսիք են ծխախոտը (Մոնղոլիայի դրույքաչափը՝ 30 տոկոս), կոնյակը (դրույքաչափը՝ 15 տոկոս), շոկոլադը (դրույքաչափը 5 տոկոս), հանքային ջուրը (դրույքաչափը 5 տոկոս), պահածոյացված մրգերը (դրույքաչափը՝ 5 տոկոս):
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն Հայաստանից Մոնղոլիա արտահանման 98 տոկոսը: Հայաստանից Մոնղոլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքի միջին դրույքաչափը 7,5 տոկոսից կիջնի մինչև 1,2 տոկոս: Արդյունքում Հայաստանից Մոնղոլիա արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնություններից տնտեսումները կարող են կազմել տարեկան մինչև 1 մլն ԱՄՆ դոլար:
Նախատեսվում է համաձայնագրի գործողության ժամկետը սահմանել երեք տարի՝ հետագայում ևս երեք տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերն այլ բան չպայմանավորվեն:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել օրենքի նախագծին: