Մարտի 19-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից 2023-2026 թվականների գործողությունների պլանի շրջանակում իրականացվող՝ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» ծրագրերի համատեղ Համակարգող խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարար Մկրտչյանը համագործակցության և աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերը առանցքային նշանակություն ունեն Ոստիկանության բարեփոխումների և համակարգի զարգացման գործընթացում։
Նիստի ընթացքում Արմեն Մկրտչյանն անդրադարձել է ծրագրի շրջանակում արդեն իրականացված մի շարք միջոցառումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը։ Մասնավորապես ներկայացվել են «Ձերբակալված անձանց պահման վայրերում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի փաստաթղթավորման» թեմայով իրականացված վերապատրաստումները, ոստիկանության գործունեության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության պրակտիկայի և ընթացակարգերի վերաբերյալ գնահատման զեկույցը, ինչպես նաև ՁՊՎ-ներում դիտորդական խմբերի վերապատրաստումները և այլ նախաձեռնություններ։
Քննարկվել են նաև առաջիկա անելիքները՝ նախանշելով համագործակցության կարիքների շրջանակը առաջիկա տարիների համար։ Այս համատեքստում կարևորվել է ոստիկանության կարողությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ ձերբակալված անձանց պահման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը, եվրոպական չափանիշներին համապատասխան ընթացակարգերի ներդրումը:
Անդրադարձ է կատարվել նաև անչափահասների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, խոցելի խմբերի հետ աշխատանքի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ուսումնական ծրագրերի արդիականացմանը, վերապատրաստողների պատրաստմանը և միջազգային փորձի փոխանակման ընդլայնմանը։
Համակարգող խորհրդի նիստին քննարկվել են նաև համագործակցության առաջիկա տարիների հիմնական ուղղությունները։
Կողմերը վերահաստատել են ծրագրերի շարունակականության և համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: