ՀԷՑ-ի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ընդունված բոլոր օրենսդրական փոփոխությունները սահմանադրական են: Բարձր դատարանի որոշումն այլևս բողոքարկման ենթակա չէ: Այդուհանդերձ, նախատեսված ժամկետում մասնավոր ընկերությունը չի համաձայնել պետության գնառաջարկին: Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսն, այսպիսով, պետականացվելու է օրենքով սահմանված կարգով:
Ժամանակավոր կառավարիչը պնդում է, որ պետականացման գործընթացում հաշվի է առնվում թե՛ պետության շահը, թե՛ հանրային: Գործընթացի ավարտին հնարավոր է ունենալ երկու տարբերակ՝ կա՛մ պետությունը կառավարի ընկերությունը, կա՛մ այն հանձնի հավատարմագրային կառավարման: Տնտեսագետները նախընտրելի են համարում, որ վերահսկիչ փաթեթը պահպանի պետությունը, իսկ փոքր մասնաբաժին օտարվի մասնավոր ընկերության, ցանկալի է՝ միջազգային:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան