Իսրայելը շարունակում է հարվածել Իրանի իշխող ուժի առաջնային դեմքերին: Ըստ ԶԼՄ-ների՝ հարվածների ժամանակ Սպահանում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մեհդի Քուրեյշին։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Իրանի ուղղությամբ գիշերային հարվածների ժամանակ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ և հասարակայնության հետ կապերի ղեկավար Ալի Մոհամմադ Նաինին։ Դա տեղի է ունեցել նրա մամուլի հաղորդագրությունից մի քանի րոպե անց, որում նշել էր, որ հրթիռների արտադրությունը շարունակվում է՝ անկախ ռազմական գործողություններից։
Իրանի Tasnim լրատվական գործակալությունն էլ հաստատել է «Բասիջ» հետախուզական գործակալության ղեկավար, գեներալ Իսմայիլ Ահմադիի և ևս երեք մարդու մահը երեկ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ավիահարվածների ժամանակ։
Թավրիզ քաղաքի անցակետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով էլ զոհվել է «Բասիջի» 13 զինյալ և վիրավորվել՝ 18-ը։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ զանգվածային հարձակում է իրականացվել նաև Իրանի արևելյան Քերման քաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Թար-Ալլահ» ստորաբաժանման շտաբի վրա։