Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 20-ի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքին և արդյունքներին վերաբերող զեկույցի շրջանակում արդյունքային ցուցանիշներն ու կատարված աշխատանքն են ներկայացրել ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Արտաքին գերատեսչության մակարդակում կատարված աշխատանքն ու փոխգործակցության ուղղությունները ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
2025 թվականի ընթացքում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2, միջկառավարական խորհրդի 4, Եվրասիական հանձնաժողովի խորհրդի 11 նիստ, որոնց շրջանակում ընդունվել են շուրջ 150 որոշում և 70 կարգադրություն:
ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից հաստատվել է մինչև 2030 և 2045 թվականները Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագրի միջոցառումների ծրագիրը:
ԱԳՆ-ն իր իրավասության սահմանում շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող նիստերին, նախագծերի մշակման, լրամշակման և համաձայնեցման աշխատանքներին:
ԱՊՀ շրջանակում Հայաստանը մասնակցել է պետությունների ղեկավարների խորհրդի 1, Կառավարության ղեկավարների խորհրդի 2, ԱԳ նախարարների 2, Տնտեսական խորհրդի 4 նիստերի, որոնց շրջանակում հաստատվել է շուրջ 150 փաստաթուղթ:
Հայաստանյան կողմն արդյունավետ ներգրավվածություն է ապահովել ԱՊՀ ձևաչափով բազմակողմ փոխգործակցությանը: ԱԳՆ-ն շարունակել է կանոնավոր փոխգործակցությունն ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գերատեսչությունների հետ:
Հաշվետու տարում Ռուսաստանի Դաշնության հետ բարձրագույն և բարձր մակարդակներով շարունակվել է երկխոսությունը: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև տեղի են ունեցել 5 հեռախոսազրույց և 4 հանդիպում: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7.7 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 38.3 տոկոսով:
Կայացել է Հայաստանի ԱԳ նախարարի այց ՌԴ, պատասխան այցով ժամանել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հունիսին կայացել է ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, անցկացվել է միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ հոբելյանական համաժողովը: Դեկտեմբերին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական 24-րդ նիստը:
Ներկայացվել է նաև Ղազախստանի հետ համագործակցության ձևաչափը:
Ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակներում կատարված աշխատանքներն ու դրանց հիմնական արդյունքները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին՝ զեկուցողը կարևորել է այն փաստը, որ կատարելագործվել է մակրոտնտեսական կանխատեսումների և վերլուծություների համակարգը: «Սրա կարևորությունն այն է, որ մենք ավելի փաստահեն վերլուծություններ և կանխատեսումներ ենք կարողանում կատարել, ինչը մի կողմից՝ հանրային ռեսուրսի օգտագործումն է դարձնում ավելի որակյալ ձևով պլանավորված և նպատակային, մյուս կողմից՝ քաղաքականությունների արդյունավետությունն է բարձրացնում»,- ընդգծել է փոխնախարարը և հավելել, որ այդ համատեքստում իրականացվել են նաև հարկաբյուջետային ռիսկերի գնահատման համակարգի նոր մոդելներով համալրման ու համակարգի լավարկման աշխատանքներ:
Անդրադառնալով պետական պարտքին՝ Արման Պողոսյանը նշել է, որ միտումները կառավարելիության տիրույթում են: 2025 թվականի տարեվերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 5,5 տրիլիոն դրամ կամ շուրջ 14,5 մլրդ ԱՄՆ դոլար: Զեկուցողը տեղեկացրել է, որ դրամով արտահայտված պարտքի կշիռն անշեղորեն աճում է: Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ներքին փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 297 մլրդ դրամ: 2025 թվականի տարեվերջի դրությամբ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 52,9 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2,2 տոկոսով:
Արման Պողոսյանը խոսել է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության մասին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է ավելի քան 8 մլրդ ԱՄՆ դոլար: 2025 թվականին արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ կազմել է ավելի քան 3.2 մլրդ ԱՄՆ դոլար: Համաձայն ՀՀ սահմանային անցման կետերով հավաքագրված նախնական տվյալների՝ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր թվաքանակը կազմել է ավելի քան 2 մլն 263 հազար մարդ՝ 2024 թվականի ցուցանիշը գերազանցելով 2.5 տոկոսով:
Ռուս զբոսաշրջիկների թվաքանակը եղել է շուրջ 938.000՝ ընդհանուր այցելության մեջ կազմելով 43 տոկոս:
2025 թվականին ԵԱՏՄ անդամակցության շրջանակում իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ պարենային անվտանգության ապահովման և տնտեսական կայունության նպատակով մեր երկիրը նախաձեռնել և իրականացրել է բանակցություններ, որոնց արդյունքում Հայաստանին տրամադրվել են սակագնային արտոնություններ մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման համար:
Ներկայացվել են նաև այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
Ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են նաև պատգամավորների հարցերին: