ՇՄ նախարարի տեղակալ Վահե Դավթյանն ընդունել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կոռնելիա Ռադիկսին և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Օդերևութաբանական և սեկտորային ծառայությունների բաժնի Վաղ նախազգուշացման ծառայությունների գիտական աշխատակից Մաթթյու Քոլին։ Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով «Վաղ նախազգուշացում բոլորի համար» գլոբալ նախաձեռնության շրջանակում Հայաստանի հանձնառությունը։ Նշվել է, որ այս ուղղությունը հանդիսանում է ինչպես միջազգային օրակարգի կարևոր բաղադրիչ, այնպես էլ առաջնահերթություն՝ ուղղված բնակչության, համայնքների և ենթակառուցվածքների դիմակայունության բարձրացմանը։
Անդրադարձ է կատարվել ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի արդիականացման ընթացքին՝ ընդգծելով Հայհիդրոմետ ծառայության առանցքային դերը։ Կարևորվել են դիտարկման ցանցի ընդլայնումը, կանխատեսման կարողությունների զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և կլիմայական ծառայությունների կատարելագործումը։
Կողմերը բարձր են գնահատել World Meteorological Organization-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, տեխնիկական խորհրդատվության և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կլիմայական ֆինանսավորման հնարավորությունները՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը միջազգային հիմնադրամների, այդ թվում՝ Green Climate Fund-ի և Adaptation Fund-ի հետ ծրագրերի առաջմղման գործընթացում։
Անդրադարձ է կատարվել նաև COP17-ի շրջանակում համագործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ հնարավոր թեմատիկ միջոցառումների կազմակերպմանը, որտեղ կարող են ներկայացվել տարածաշրջանային կլիմայական զեկույցներ և ընդգծվել կլիմայական տվյալների դերը կենսաբազմազանության պահպանության և գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման գործընթացում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել մասնագիտական քննարկումները՝ համագործակցության հետագա խորացման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները հստակեցնելու նպատակով։
Նախարարությունից նշում են, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացել էր «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4All) ազգային ճանապարհային քարտեզի վավերացման աշխատաժողովը, իսկ մարտի 18-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի արդիականացմանը նվիրված գործընկերային երկխոսությունը, որին մասնակցում էին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության և այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։