ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար ցածր ու միջին եկամտաբերություն ունեցող երկրներում. իրագործելիության հետազոտությունը Հայաստանում» ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և ընդգծել վերականգնողական ծառայությունների կարևորությունը մեր երկրի կրթական և սոցիալական համակարգերի զարգացման գործում։ Նրա նշմամբ՝ երկար ժամանակ վերականգնողական ծառայություններ ասելով՝ շեշտադրվել է երեխաներին տրամադրվող աշխատանքների կազմակերպումն ու այդ ուղղությամբ ուսանողներին գիտելիքների և կարողությունների փոխանցումը. «Այս ծրագրի շնորհիվ վերականգնողական ծառայությունների կարիք ունեցող շահառու խումբ է ավելացել, որի հետ Մանկավարժական համալսարանում իրականացվող աշխատանքները՝ մեթոդների և բովանդակության կարողությունների ձևավորման առումով, վստահվել է Լյուցեռնի համալսարանի գործընկերներին: Կարևորում եմ դասընթացի ինտեգրումը համապատասխան ուսումնական ծրագրերում, ինչը թույլ կտա ապահովել արդյունքների շարունակական կիրառում»։
Նախարարի տեղակալն ընդգծել է դասավանդողների կարողությունների զարգացմանը միտված գործընթացը և այն գործնական ոլորտ տեղափոխելու կարևորությունը. «Վերականգնողական ծառայությունները կյանքի որակի բարձրացման, մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովման մասին են նաև: Հույս ունեմ, որ Լյուցեռնի համալսարանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը կլինի շարունակական»:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ՀՊՄՀ ղեկավար կազմը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի, կրթական և սոցիալական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, առցանց` նաև Լյուցեռնի համալսարանի ներկայացուցիչները։
Երկամյա ծրագիրն իրականացվել է Լյուցեռնի համալսարանի և ՀՊՄՀ-ի նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ Հայաստանում զարգացնել ակադեմիական և ինստիտուցիոնալ կարողությունները՝ տարեցների ներքին կարողության և ֆունկցիոնալության վերաբերյալ առօրյա տվյալներ ստեղծելու, վերլուծելու և օգտագործելու համար:
Ծրագրի ամփոփմանը ներկայացվել են նաև Հայաստանում առողջ ծերացմանը խթանելու նպատակով վերականգնողական ծառայությունների զարգացման խոչընդոտները, նպաստող գործոններն ու իրականացման ռազմավարությունները, վերականգնողական ծառայությունների տնտեսական նշանակությունը:
Հաջորդիվ տեղի է ունեցել «Գիտելիքից կիրարկում. հայ մասնակիցների տեսանկյունները» և «Հետագա քայլեր և առաջարկություններ» խորագրերով պանելային քննարկումը: