Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ռոբոտների հաքաթոնի արդյունքները։
ԲՏԱՆ-ից հայտնում են, որ փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունել է ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ երեք օրերի ընթացքում Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերը մեծ նվիրվածությամբ աշխատել են իրենց նախագծերի վրա՝ հավաքելով, փորձարկելով և կատարելագործելով ռոբոտները։ Արդյունքում՝ մրցահարթակում ներկայացվել են հետաքրքիր և մրցունակ լուծումներ։
.jpg)
Հայկ Ենգիբարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ նախարարության կողմից առաջին անգամ կազմակերպված այս հաքաթոնը կարևոր նախաձեռնություն է։ Նա նաև նշել է, որ ոլորտը նախարարության համար ունի ռազմավարական նշանակություն՝ հատկապես գործնական հմտությունների զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։
Հաքաթոնին մասնակցել են Երևանը և Հայաստանի մարզերը ներկայացնող 36 թիմերի 123 մասնակիցներ, որոնք իրենց պատրաստած ռոբոտները ներկայացրել են գնահատման հանձնաժողովին։ Մրցույթի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերը։
.jpg)
1-ին մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հատուկ թիմը՝ ստանալով 1.5 մլն դրամ պարգև։ 2-րդ մրցանակը շնորհվել է Երևանի «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիայի թիմին՝ 1 մլն դրամ։ 3-րդ մրցանակին արժանացել է Իջևանի «Իրական դպրոցի» թիմը՝ ստանալով 500.000 դրամ։
.jpg)
Ռոբոտների հաքաթոնը կարևոր քայլ է Հայաստանում ռոբոտաշինության և տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ և նպատակ ունի միավորելու երիտասարդ տաղանդներին՝ խթանելով համագործակցությունը և ստեղծելով նորարարական գաղափարների իրականացման հնարավորություններ։