Նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Նորք Մարաշ, Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շուրջ 417 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասն ամրացնել ՀՀ ՇՄ նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 19-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Նշված հողամասը ՀՀ սեփականությունն է արդեն, սեփականությունը գրանցված է: ՀՀ-ին է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով»,- ասաց նախարարը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց հողամասն ամրացնելուն վերաբերող գործը: Ըստ այդմ՝ գլխավոր դատախազությունը 2025-ի նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1 մլն 107 հազար դոլարին համարժեք, 417 մլն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7090 քառակուսի մակերեսով հողամասի նկատմամբ:
Ըստ Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ այս գույքի վերաբերյալ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2025 թվականի մարտի 7-ի վճռով:
«Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ: Կառավարության այսօրվա որոշման նախագծով առաջարկվում է գույքն ամրացնել ՀՀ ՇՄՆ-ին:
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ որոշումներով հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 5 հողամաս ամրացվել է ՇՄՆ-ին, և այսօրվա դրությամբ ՇՄՆ-ին է ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ ընդհանուր 3 մլրդ 381 մլն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, շուրջ 7,5 հա մակերեսով 6 հողամաս»,- ասաց Վարդապետյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տարածքում քաղաքային տրամաբանության անտառ պետք է հիմնել՝ պայմանով, որ ներսում ոչ մի կոմերցիոն տարածք չի լինելու:
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ Նորքի հողատարածքն անտառային պուրակի վերածելու նպատակով հողամասի նշանակության փոփոխություն կարող է իրականացվել, որպեսզի տարածքը դառնա անտառային նշանակության հողատարածք:
Այս պահին միջազգային գործընկերների հետ աշխատանք է իրականացվում դոնորներ ներգրավելու ուղղությամբ: