Պակիստանի իշխանությունները որոշել են 5 օրով դադարեցնել Աֆղանստանի դեմ ռազմական գործողությունները մուսուլմանական Իդ ալ Ֆիթր տոնի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլահ Թարարը։
«Իդ ալ Ֆիթր իսլամական տոնից առաջ, իր նախաձեռնությամբ և եղբայրական իսլամական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի խնդրանքով՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարությունը որոշել է ժամանակավոր դադարեցնել Աֆղանստանում ահաբեկիչների և նրանց աջակցող ենթակառուցվածքների դեմ իրականացվող «Ղազաբ լիլ Հաք» գործողությունը»,- գրել է նախարարը X-ում։
Նա նշել է, որ Պակիստանն այս քայլը ձեռնարկում է բարի կամքով և իսլամական նորմերին համապատասխան, բայց և զգուշացրել է, որ Պակիստանի տարածքում սահմանային հարձակման, անօդաչու թռչող սարքերի հարվածի կամ որևէ ահաբեկչական միջադեպի դեպքում ռազմական գործողությունը անմիջապես կվերսկսվի նորացված ինտենսիվությամբ: