Կիրակի Ֆրանսիայում անցկացվել է 2026 թվականի համայնքային ընտրությունների առաջին փուլը։ 35000 համայնքից մոտ 48,7 միլիոն ընտրող կարող էր մասնակցել քվեարկությանը՝ հաղորդել է Euronews-ը։
Ֆրանսիական գյուղերի, քաղաքների և փոքր մունիցիպալիտետների մոտ երկու երրորդը, ինչպես սպասվում էր, ընտրել է իրենց քաղաքապետներին առաջին փուլում, հաճախ միայն մեկ թեկնածուի կամ սահմանափակ մրցակցության պատճառով։
Մրցակցությունը շատ լարված է եղել մեծ քաղաքներում: Փարիզում զգալի առավելությամբ առաջատար է սոցիալիստ Էմանուել Գրեգուարը, Նիսում՝ ծայրահեղ աջ թեկնածուն, իսկ Հավրում՝ նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Հնարավոր է, որ վերջնական հաղթանակի համար շատ թեկնածուներ ստիպված լինեն դաշինքներ կազմել ծայրահեղ աջերի կամ ծայրահեղ ձախերի հետ՝ նշել է լրատվականը։
Այս տարվա համայնքային ընտրություններին մասնակցությունը համեմատաբար բարձր է եղել՝ 2020 թվականի համեմատ: Վեց տարի առաջ ցուցանիշը 45% է եղել, այս անգամ՝ 57%: Քվեարկությունը տեղի է ունեցել համամասնական ընտրակարգով։ Երկրորդ փուլ անցնելու համար կուսակցական ցուցակը պետք է ստանա ձայների առնվազն 10%-ը։
Առավելագույն ուշադրությունը կենտրոնացած էր Փարիզի վրա։ Մայրաքաղաքի ներկայիս քաղաքապետ, սոցիալիստ Անն Իդալգոն, չի առաջադրվել երրորդ ժամկետով։
Առաջին փուլում սոցիալիստ Էմանուել Գրեգուարը առաջին տեղում է՝ ձայների 38,3%-ով։ Աջակողմյան թեկնածու և արդարադատության նախկին նախարար Ռաշիդա Դատին երկրորդ տեղում է՝ ձայների 26%-ով։ Երկրորդ փուլ են անցել նաև Սոֆիա Չիկիրուն (ծայրահեղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցություն, 11,3%), կենտրոնամետ Պիեռ-Իվ Բուռնազելը (11,2%) և Սառա Կնաֆոն՝ ծայրահեղ աջակողմյան «Ռեկոնկիստա» կուսակցությունից, որը դժվարությամբ է հաղթահարել 10%-ի շեմը։
Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հաջորդ կիրակի: