Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իսլամաբադ քաղաքի Ֆայզաբադ շրջանում գտնվող պակիստանյան բանակի «Համզա» ռազմավարական օբյեկտին։
«Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, աֆղանական ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Պակիստանի բանակի «Համզա» ռազմավարական օբյեկտին Ֆայզաբադում (Իսլամաբադի շրջան)։ ԱԹՍ-ների հարձակումը նպատակաուղղված է եղել հրամանատարական կենտրոնին և այլ կարևոր օբյեկտների։ Հարձակման հետևանքով հակառակորդը կրել է զգալի մարդկային և նյութական կորուստներ»,- ասված է հայտարարությունում, որը հրապարակվել է X սոցիալական հարթակում։
Ավելի վաղ Պակիստանի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ էր հասցրել Քաբուլին, հայտնել է TOLO News հեռուստաալիքը։
Հարվածներ են հասցվել նաև Ղանդահար, Պակտիա և Պակտիկա նահանգներում գտնվող օբյեկտներին։
Ի պատասխան՝ Աֆղանստանը հարվածներ է հասցրել պակիստանյան ռազմական օբյեկտներին Խայբեր-Փախտունխվա նահանգում։
Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են մարտերը։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան Պակիստանի վերջին ավիահարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ այժմ իր երկիրը և Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման կառավարությունը գտնվում են բաց զինված հակամարտության մեջ։