Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը շարունակվում է արդեն երրորդ շաբաթը և համարվում է տարածաշրջանում ամենալարվածներից մեկը։
Պակիստանն անցկացնում է «Ցասում՝ ճշմարտության համար» ռազմական գործողությունը՝ ավիահարվածներ հասցնելով Աֆղանստանում գտնվող զինյալ խմբավորումների թիրախներին: Աֆղանական կողմը, իր հերթին, Պակիստանին մեղադրում է քաղաքացիական օբյեկտների ու անձանց դեմ ագրեսիայի համար։ Պակիստանյան աղբյուրները պնդում են, որ հարվածները կետային են և ուղղված բացառապես ահաբեկիչների դեմ: Հարվածների հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ:
Թալիբների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱԹՍ-ներով պատասխան հարվածներ է հասցրել Պակիստանի ռազմական օբյեկտներին, վնասել զինամթերքի պահեստներն ու զորանոցները:
Երկու երկրի միջև լարվածությունը սկսվել է փետրվարի վերջին, երբ Պակիստանը բաց պատերազմ հայտարարեց «Թալիբանին»՝ աֆղանական զինված խմբավորումների հարձակումներից հետո: Ըստ պակիստանյան հաղորդագրությունների՝ այդ ընթացքում հարյուրավոր թիրախներ են ոչնչացվել, սպանվել է ավելի քան 600 աֆղան թալիբ և գրոհային: Իրավիճակը չափազանց լարված է, երկու կողմը սպառնում է շարունակել ռազմական գործողությունները։ Չինաստանը փորձել է միջնորդել, բայց առայժմ ապարդյուն։