ԱՄՆ-ի ծրագիրն է ոչնչացնել և ճնշել Իրանի բոլոր ռազմական կարողություններն այնպիսի տեմպերով, ինչպիսին աշխարհը երբեք չի տեսել, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։ Նրա խոսքով՝ ամերիկյան ինքնաթիռներն ամեն օր թռչում են Իրանի վրայով:
«Իրանը չունի օդային պաշտպանություն, չունի ռազմաօդային ուժեր և նավատորմ։ Նրանց հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը խոցվում են։ Նրանց հրթիռային զինանոցը կրճատվել է 90%-ով, իսկ հարձակողական անօդաչու թռչող սարքերը՝ 95%-ով»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։
Նրա խոսքով՝ Իրանը հուսահատ գործողություններ է ձեռնարկում Հորմուզի նեղուցում։ Միացյալ Նահանգները պլանավորում է փուլային մոտեցում ցուցաբերել նեղուցով նավագնացությունը վերականգնելու հարցում։ «Մենք ցանկանում ենք գործել փուլերով, այնպես, որ առավել նպատակահարմար լինի մեր նպատակներին հասնելու համար, և համոզվել, որ ճիշտ ազդանշաններ ենք ուղարկում աշխարհին, երբ դա անում ենք»,- լրագրողներին ասել է Հեգսեթը։