Հարվածներ են արձանագրվել տարածաշրջանային այլ երկրներում ևս: Սաուդյան Արաբիան թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարք է խոցել: Լիբանանի Տրիպոլի քաղաքում Իսրայելը հարվածել է պաղեստինցի փախստականների ճամբարի շենքերից մեկին, կա երկու զոհ:
Իսկ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի մոտ խոցված ԱԹՍ-ն ընկել է բնակելի շենքի վրա: Տուժածներ չկան:
Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների թիրախավորման ֆոնին Կատարը սկսել է Դոհայում ԱՄՆ դեսպանատան մերձակա թաղամասերից բնակիչների տարհանումը:
Նաև տեղի է ունեցել բնակչության զգալի տեղաշարժ: Ըստ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի՝ հակամարտության առաջին երկու օրերին շուրջ 100 000 մարդ հեռացել է Իրանից: Լիբանանում 58 000 մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ: Լիբանանից Սիրիա է տեղափոխվել մոտ 11 000 մարդ: Շարունակվում է նաև տարածաշրջանի երկրներից օտարերկրացիների տարհանումը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Հորդանանի, Բահրեյնի և տարածաշրջանի այլ երկրների ղեկավարների հետ և օգնություն առաջարկել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հարցում: Նրա խոսքով՝ Մոսկվայի դեմ պատերազմի ընթացքում Կիևն այդ ուղղությամբ արդեն մեծ փորձ է կուտակել: Քննարկվում է տարածաշրջան ուկրաինացի մասնագետների ուղարկման հարցը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: