ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և կից տեսանյութ հրապարակել:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը։
Այդ համատեքստում ընդգծվել է այսօր կայանալիք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացումը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցության ամրապնդմանը տարբեր ոլորտներում։
Վարչապետները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շարունակականությունը։