Բարդ իրավիճակ է մեր շուրջը: Հատկապես այս ամենի ֆոնին կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը: Մեր երկրները և ժողովուրդները կապված են պատմական բարեկամական կապերով, և սա հիմք է ծառայում Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության համար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Իհարկե մենք շատ ուրախ ենք և ոգևորված, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք, և մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ, մեր երկրների միջև ռազմավարական, բարեկամական կապերի խորացմամբ: Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը»,- ասաց նա:
Կոբախիձեն նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Վրաստանի ազգային շահերին աջակցելու համար: Հատկապես երախտագիտություն հայտնեց Վրաստանի տարածքային ամբողջականությանն և ինքնիշխանությանն աջակցելու համար:
«Հանձնաժողովի նիստի շրջանակում էլ գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար»,- ասաց նա: