Կիպրոսի Ակրոտիրի բնակավայրում գտնվող բրիտանական ռազմաօդային ուժերի բազան անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել։ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի խոսքով՝ բազան կրել է աննշան նյութական վնասներ։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ակրոտիրիի ավիաբազան ենթարկվել է երկու անօդաչու թռչող սարքի հարձակման, որոնցից մեկը խոցվել է։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր, որ Բահրեյնի և Կիպրոսի ավիաբազաներից բրիտանական ինքնաթիռները կխոցեն անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, եթե դրանք հայտնաբերվեն։
Ենթադրյալ անօդաչուի հարվածը տեղի է ունեցել, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Վաշինգտոնի խնդրանքով Լոնդոնը ԱՄՆ-ին բրիտանական բազաներ մուտք գործելու թույլտվություն է տվել: Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցի Իրանի դեմ հարվածներին, բայց համաձայնել է թույլ տալ Միացյալ Նահանգներին օգտագործել բրիտանական բազաները իրանական հրթիռներին և դրանց մեկնարկային հարթակներին հարվածելու համար։