ԱՄՆ փոխնախագահը մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ջեյ Դի Վենսը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է տարբեր մոտեցումներ, դրանց թվում են ռազմական ուժի կիրառումը՝ կանխելու միջուկային զենքի ստեղծումը, ինչպես նաև առկա տարաձայնությունների կարգավորման դիվանագիտական տարբերակը:
«Այնուամենայնիվ, Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները չեն վերաճի տարածաշրջանային երկարատև ճգնաժամի: Այն միտքը, որ մենք կներգրավվենք Մերձավոր Արևելքում երկարամյա պատերազմի՝ առանց դրա ավարտի հստակ հեռանկարի, կենսունակ չէ»,- շեշտել է ԱՄՆ փոխնախագահը:
Իրանից էլ նախազգուշացրել են, որ հնարավոր էսկալացիայի դեպքում կթիրախավորեն ամերիկյան ուժերը:
Չնայած Իրան-ԱՄՆ բանակցային գործընթացին և Ժնևյան բանակցություններում հայտարարված դրական արդյունքներին՝ Կանադան և Չինաստանը կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանի տարածքը՝ անվտանգային նկատառումներով: Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունն էլ հորդորել է ամերիկացիներին մտածել Իսրայելը լքելու մասին: Դիվանագիտական առաքելության աշխատակիցների տեղաշարժն էլ կարող է սահմանափակվել:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հրամայել է հիվանդանոցներն ու բժշկական հաստատությունները տեղափոխել հատուկ ռեժիմի՝ առաջիկա 2-4 շաբաթվա ընթացքում Իրանի հետ պատերազմի հնարավորության պատճառով։