Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ «բաց պատերազմ» վարելու մասին: Խավաջա Ասիֆի խոսքով՝ թալիբների կառավարությունն Աֆղանստանը վերածել է «հնդկական գաղութի», երկրում հավաքել է «ահաբեկիչների աշխարհի տարբեր ծայրերից», սկսել է ահաբեկչություն «արտահանել» և խլել է Աֆղանստանի ժողովրդի հիմնարար իրավունքները։ «Պակիստանը ջանքեր է գործադրել՝ բնականոն իրավիճակը պահպանելու համար: Սակայն նրանք փորձեցին ագրեսիվ հարձակում իրականացնել Պակիստանի դեմ, մեր ուժերը վճռական պատասխան են տալիս»,- գրել է նախարարը Իքսի էջում։ Պակիստանի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ երկրի ուժերն ավիահարվածներ են հասցրել Աֆղանստանի մի քանի քաղաքի, այդ թվում՝ Քաբուլին: Հաղորդվում է, որ զոհվել է 133 թալիբ, վիրավորվել է ավելի քան 200 մարդ։
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, որ փետրվարի 26-ի երեկոյան գրավել է պակիստանյան երկու բազա և 19 անցակետ։ Գերատեսչության տվյալով՝ սահմանային բախումների հետևանքով զոհվել է պակիստանցի 55 զինվոր։ Տեղեկություններ կան, որ տուժել են նաև խաղաղ բնակիչներ: Միևնույն ժամանակ, Քաբուլից հայտնել են, որ այս պահին դադարեցնում են ռազմական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում կարձագանքեն:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։