ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարին հռչակել է «Անվտանգ և ապահով կրթության տարի», որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգության թեմաներով պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ:
Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում տեղի են ունեցել «Ռիսկային իրավիճակներ, բուլինգ» խորագրով քննարկում և նախագծային աշխատանքների ներկայացում, որոնց ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է «Անվտանգ և ապահով կրթության տարվա» շրջանակում անվտանգության թեմաներով դպրոցներում իրականացվող տարբեր միջոցառումների և քննարկումների կազմակերպման կարևորությունը․ «Անվտանգության ուղղությամբ ամեն տարի դպրոցներում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Հաշվի առնելով թեմայի կարևորությունը՝ 2025-2026 ուսումնական տարին հռչակել ենք անվտանգ և ապահով կրթության տարի։ Այդ շրջանակում կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն ուսուցիչների, ծնողների, երեխաների շրջանում բարձրացնել անվտանգ կրթական միջավայրի վերաբերյալ իրազեկվածությունը՝ ձևավորելով համապատասխան մոտեցում և վերաբերմունք: Անվտանգության թեմաներից են՝ սովորողների՝ միմյանց հանդեպ վերաբերմունքը, սովորողի վարքագիծը, հաստատության շենքային պայմանները, տարբեր արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնը, ճանապարհային երթևեկության և անվտանգության ապահովումը և այլն: Հետևաբար, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի դպրոցներում բոլոր երեխաները ստանան անվտանգության վերաբերյալ գիտելիքներ և, որ ավելի կարևոր է, ունենան դրանք օգտագործելու կարողություն: Մենք պետք է վստահ լինենք, որ դպրոցն այն վայրն է, որտեղ երեխաների համար ապահովվում է անվտանգ ու ապահով կրթական միջավայր։ Ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ բուլինգի վերաբերյալ տարբեր դասարանների աշակերտների աշխատանքներին: Կարևորում եմ նաև այն փաստը, որ ծնողական խորհուրդը ևս ներգրավված է այս աշխատանքներում և ունի բավարար ընդգրկվածություն երեխաների անվտանգության ապահովման հարցում: Մեզ համար շատ կարևոր է ձևավորվել հստակ ընթացակարգեր, որպեսզի ծնողները հստակ իմանան՝ որ դեպքում և ում պետք է դիմեն երեխաներն իրենց անհանգստացնող այս կամ այն հարցով։ Բնականաբար, դպրոցի աշխատակազմն էլ պետք է իմանա, թե համապատասխան խնդիրների դեպքում ինչպես է պետք արձագանքել երեխային, ծնողին»:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ անվտանգության թեմաներով նախատեսված քննարկումների օրակարգը հագեցած է. այդ միջոցառումները ունեն նաև իրազեկման պարտադիր բաղադրիչ և ընդգրկում են տարբեր տարիքային խմբեր։
Միջոցառման շրջանակում Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի սովորողները ներկայացրել են բուլինգի կանխարգելման թեմայով նախագծային աշխատանքներ՝ ներկայացնելով համապատասխան պաստառներ, տեսանյութեր և այլն։